Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԱՄԷ-ում հայտնաբերված նեստորական եկեղեցու ավերակների հետքերով

ԱՄԷ-ում հայտնաբերված նեստորական եկեղեցու ավերակների հետքերով
05.02.2013 | 11:35

Այսօր ԱՄԷ-ն գրեթե բոլորի համար ասոցացվում է բարձրահարկ շենքերով, զվարճանքի վայրերով, թանկարժեք հյուրանոցներով, ծովափնյա հանգստով: Սակայն, եթե ուսումնասիրենք երկրի պատմությունը, աշխարհագրությունը, աչքի անցկացնենք պատմական ժառանգությունը, կարող ենք վերը նշվածներից ավելի հետաքրքիր վայելքներ գտնել:
Այս փնտրտուքներն ինձ հասցրին Աբու Դաբի մայրաքաղաքից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Սիր Բանի Յաս կղզի: Կղզին այսօր պատմական արգելոց է, որտեղ Աբու Դաբիի կառավարության անմիջական հսկողությամբ պահպանվում են ԱՄԷ-ի վայրի բնության` կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչները և գրեթե 36 հնավայր: Արգելոցը զբաղեցնում է ավելի քան 87 քառ. կմ տարածք: Այն հիմնադրվել է ԱՄԷ-ի առաջին նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի նախաձեռնությամբ: Սիր Բանի Յաս կղզու պատմությունը բավական գրավիչ է. կղզին բնակեցվել է գրեթե 7500 տարի առաջ: Իսկ անունը ծագում է այստեղ բնակություն հաստատած բանիյաս ցեղի անունից:
Բանի Յասը բնական կղզի է: Հատկապես շեշտում եմ սա, քանի որ դուք գիտեք` ԱՄԷ-ում պարբերաբար արհեստական կղզիներ են հիմնադրվում, որոնք օգտագործվում են տարբեր նպատակներով: Իսկ այս կղզին իր բնական դիրքով հատման կետ է հանդիսանում հարևան կղզիների համար: Կար ժամանակ, երբ եվրոպական երկրները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին իրենց դեռ անհայտ Պարսից ծոցի բնակավայրերը: Իրենց նոր հայտնագործությունները, տպավորությունները տեղ էին գտնում ժամանակակից թերթերում, տեղեկատուներում: Դրանցից մեկն էլ թերթելիս վենետիկցի զարդեր պատրաստող վարպետ Գասպարո Բալբին 1590 թ. կարդաց Սիր Բանի Յաս կղզու մասին: Այնտեղ նշվում էր, որ կղզու շրջակայքում շատ մարգարիտ կա: Սա եվրոպական աղբյուրներում կղզու մասին առաջին հիշատակությունն է: Հատկապես բրիտանացիները, հետագայում ավելի տարված լինելով Պարսից ծոցի տարածքով, 1820-1850-ական թթ. խորությամբ ուսումնասիրեցին Սիր Բանի Յասը: Այս ժամանակաշրջանից կղզու մասին համեմատաբար շատ հիշատակություններ են պահպանվել:
Գիտակցելով, որ իր պատմական անցյալով և ներկայով կղզին կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել երկրի այցելուների մեջ, Շեյխ Զայեդի մահից հետո Աբու Դաբիի ղեկավարությունը, հավատարիմ մնալով նախագահի սկսած գործին (պահպանել արգելոցը, հնավայրերը և դրանք հետաքրքիր վայրեր դարձնել այցելուների համար), մի քանի կղզիներ, այդ թվում նաև Սիր Բանի Յասը, միավորել և ստեղծել է զբոսաշրջային վայր, որն անվանել են «Անապատային կղզիներ»: Ձեր երթուղին այս ուղղությամբ ընտրելիս կարող եք նրանում ընդգրկել այցելություններ հնավայրեր, լեռնամագլցում, լաստանավով և ոտքով պտույտներ, ջրասուզում: Ի դեպ, հայտնի հնավայրերից են նեստորական վանական համալիրի ավերակները, որը հիմնադրվել է մ. թ. 7-րդ դարում:
Հանրությանն այս հնավայրը մատչելի դարձավ 2010-ից, այն դեպքում, երբ դոկտոր Ժոզեֆ Էլդերսի ղեկավարությամբ հնավայրի պեղումները սկսվել էին տարիներ առաջ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նեստորական եկեղեցու, վանականների խցերի, խոհանոցի, պահեստի, գոմերի հետքեր: Նաև հայտնաբերվել են կենցաղային իրեր` խեցեղեն, ապակե անոթներ, ծիսական ամաններ, որոնք զարդարված են խաչերով, արմավենիներով, խաղողի ողկույզներով:
Այս վանական համալիրի ավերակների մասին խոսելիս վերհիշենք, թե ինչ էր նեստորականությունը, ովքեր էին նեստորականնները: Նեստորականությունը քրիստոնեական ուսմունք է, որը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք: Քրիստոսի` Մարիամից ծնվելը, չարչարվելը, խաչի վրա մահը նեստորականությունը վերագրում է նրա մարդկային, իսկ հրաշքներ գործելը, գերբնական գործողությունները` նրա աստվածային դեմքին: ՈՒսմունքի անունը ծագել է 428-431 թթ. Կ. Պոլսի պատրիարք Նեստորից: Այս ուսմունքը 431 թ. Եփեսոսի ժողովում ճանաչվել է հերետիկոսություն և դատապարտվել: Սակայն երկար ժամանակ շարունակել է հետևորդներ ունենալ: Դրա վկայությունն այս վանական համալիրն է: Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոսությունը ևս մասնակցություն է ունեցել դավանաբանական վեճերին (Նիկեայի Տիեզերական ժողով` 325 թ., Կ. Պոլսի` 381 թ., Եփեսոսի` 431 թ.), ընդունել է Եփեսոսի ժողովի որոշումները և հետագայում պայքարել Ընդհանրական եկեղեցին պառակտող հերետիկոսական վարդապետությունների` եվտիքականության և նեստորականության դեմ:
Դավանաբանական վեճերը թողնելով մի կողմ` այս վանական համալիրը մեզ հետաքրքիր է որպես նախաիսլամական շրջանի քրիստոնեական համալիր: Սա ԱՄԷ-ի տարածքում հայտնաբերված առայժմ միակ քրիստոնեական հնագիտական վայրն է: Հնավայրը հանրությանը ներկայացնելու ժամանակ դոկտոր Ժոզեֆ Էլդերսն իր խոսքում նշում է. «Քսան տարի առաջ մենք չէինք էլ կարող երևակայել, որ քրիստոնեության հետքեր կհայտնաբերվեն Պարսից ծոցի այս բնակավայրում: Սա ցույց է տալիս, որ քրիստոնեությունը մեր պատկերացրածից ավելի լայն տարածում է ունեցել այս շրջաններում: Ի դեպ, մեզ այս ժամանակաշրջանից քիչ վանքեր են հայտնի»:
Պեղումներն իրականացնող խմբի պնդմամբ` սա գիտական լուրջ հայտնագործություն է, քանի որ շատ բան է բացահայտում այս բնակավայրի մասին. «Շատերը չգիտեն, որ այս բնակավայրը նախաիսլամական շրջանի պատմություն ունի»:
Պատմական հետազոտությունները ցույց են տալիս, որ Պարսից ծոցի բնակավայրերում քրիստոնեությունը տարածվել է գրեթե 350 տարում: Հետաքրքիր է, որ այստեղ հատկապես տարածված են եղել նեստորական համայնքները: Կան ևս մի քանի քրիստոնեական բնակավայրեր Պարսից ծոցի շրջանում: Մինչև հինգերորդ դար նեստորականների գլխավոր կենտրոն էր հանդիսանում Բահրեյնի Բեթ Քաթրայ բնակավայրը: Իսկ Սամահիջը եպիսկոպոսական նստավայրն էր:
Քրիստոնեական համայնք է եղել նաև Քուվեյթին պատկանող Ֆայլակա կղզում, Ակկազ բնակավայրում և Խարգում, Սաուդյան Արաբիային պատկանող Ժուբեիլ քաղաքում և Ժաբալ Բերրիում: Այդ մասին վկայում են հայտնաբերված եկեղեցիների ավերակները, խաչերը: Այս համայնքների գոյության մասին վկայող ավերակները հայտնաբերվել են հատկապես վերջին քսան տարում: Եվ հիմա նշված երկրներն օգտագործում են դրանք որպես տեսարժան վայրեր` ընդգրկելով զբոսաշրջային երթուղիների մեջ, գրավելով հատկապես մշակութային և պատմական տուրիզմի սիրահարներին:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ